Ժամանակակից երթևեկության անբաժան մաս դարձած ինքնագլորները և նմանատիպ փոխադրամիջոցները, այդ թվում՝ էլեկտրական սկուտեռներ, մոպեդներ, հեծանիվներ, իրենց արագընթացությամբ, հարմարավետությամբ հանդերձ, նաև վտանգավոր են։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օրթոպեդ-վնասվածքաբան Ատոմ Տեր-Գրիգորյանը նշում է, որ այս փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ ավելացել են նաև դրանց մասնակցությամբ տեղի ունեցող պատահարները։ Քանի որ Հայաստանում ճանապարհները պատշաճ կահավորված չեն, չկան հատուկ երթուղիներ, իսկ այս փոխադրամիջոցները երթևեկում են մայթերով կամ ավտոմեքենաների համար նախատեսված երթուղիներով, ուստի՝ տեղի ունեցած վթարների հետևանքով տուժում են ոչ միայն վարորդները, այլև հետիոտնը։
Օրթոպեդ-վնասվածքաբանի փոխանցմամբ` այդ վթարների դեպքում կյանքին վտանգ սպառնացող ռիսկերից են գանգուղեղային վնասվածքները, ինչը հետևանք է սաղավարտ չկրելու։ «Նախ կոչ եմ անում նման տրանսպորտային միջոցներ վարելիս անպայման անհրաժեշտ հանդերձանք օգտագործել, երթեւեկելիս լինել ուշադիր և զիջող»,-ասում է բժիշկը։
Ինչ անել, եթե ականատես եք լինում նմանատիպ վթարի և հնարավորություն ունեք օգնել։ Բժիշկը խորհուրդ է տալիս․
- Միացրեք տրանսպորտային միջոցի վթարային ազդանշանները, որպեսզի հանկարծ երկրորդ վթարը չգրանցվի։
- Եթե վարորդը գետնի վրա է, մի փորձեք նրան բարձրացնել։
- Նախևառաջ պետք է փորձել կոնտակտի մեջ մտնել, որպեսզի հասկանաք՝ գիտակցություն ունի՞, թե՞ ոչ:
- Արդեն կոնտակտի մեջ մտնելուց հետո անպայման պետք է դիմել շտապօգնություն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
- Երբեք մի փորձեք հանել սաղավարտը, որովհետեւ հիմնական խնդիրը լինում է պարանոցի կոտրվածքները, իսկ տեղաշարժի, սաղավարտը հանելու դեպքում մարդը կարող է մեռնել։
- Սաղավարտը չհանելու կանոնը ամենակարեւորն է, սաղավարտը պետք է հանել, եթե տուժողը մեջքի վրա է պառկած, հետ է տալիս, կարող է խեղդվել, այսինքն՝ սաղավարտը հանում ենք, եթե կյանքին վտանգ սպառնացող ռիսկ կա։
- Հատկապես պետք է ուշադիր լինել պարանոցի շրջանին, ցանկալի է, որ տուժողը մնա պառկած ։
- Կոնտակտը, շնչառությունը, անոթազարկը եթե առկա է, պետք է հարցնենք՝ որեւէ տեղ ցավում է, թե ոչ։ Օրինակ՝ վերջույթները կարող է չզգալ, այդ դեպքում կարող եք ձգել, պահել, որ անշարժ լինի, անընդհատ զրուցել, խոսել։
- Ջուր պետք չէ տալ տուժածին, փոխարենը պետք է անընդհատ ասել, որ հանգիստ լինի, որ ամեն ինչ լավ է։ Չպետք է թույլ տալ, որ վեր կենա մինչև շտապօգնության գալը, այս ամենը կարևոր է, քանի որ այդ պահին չենք կարող կռահել, թե ինչ վնասվածքներ կան։
Ատոմ Տեր-Գրիգորյանը նշում է, որ ամեն դեպքում ցանկալի է դիմել բժշկի, որովհետեւ եթե կա վնասվածք, գոնե պետք է զննել, նշանակել հետազոտություններ, որոնք ժամանակին կախտորոշեն վնասվածքները, բուժում կնշանակեն։
.png)